Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական կուսակցությունների հայցը։ Վճիռն ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ ՍԴ վճռի համաձայն՝ ԿԸՀ 259 Ա որոշումը «թողնվում է ուժի մեջ»։ Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել միանգամից 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները։ Ավելի ուշ «Նոր ուժը» դադարեցրեց մասնակցությունը։ Պատասխանող կողմը եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համապատասխանողներ՝ ՆԳՆ-ն, դատախազությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն։ Երրորդ կողմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՍԴ-ում լսումները սկսվել են հունիսի 26-ին։
VIDEO – https://youtu.be/CM-edeJMnwg?si=_WoH-MtWLIpdw_pn
Նիստերն անցկացվել են 7 դատավոր կազմով․ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցել՝ հաշվի առնելով նախկինում երկարամյա կուսակցական գործունեությունը։ Չնայած հայցվորների բողոքներին՝ ընդդիմության նկատմամբ բացահայտ բացասական վերաբերմունք ունեցող դատավոր Սեդա Սաֆարյանը գործընթացից չի հեռացվել։ Բարձր դատարանը 6 օր շարունակ, առանց հանգստյան օրերի, անցկացրել է ինտենսիվ նիստեր։ Դատարանը լսել է կողմերին, անցկացրել է փակ նիստ, որի ընթացքում քննարկվել են հրապարակման ոչ ենթակա տվյալներ զինծառայողների և հատուկ ցուցակներով քվեարկած այլ անձանց քվեարկության վերաբերյալ։ Դատարան դիմած գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես լրացուցիչ պահանջ, ներկայացրել է նաև ձայների հաշվարկի հարցում հստակեցում մտցնելու (անվավեր քվեաթերթիկները հաշվի առնելով կամ առանց դրանց) և մանդատների բաշխումը փոփոխելու պահանջ։ Հուլիսի 1-ին, լսելով կողմերի եզրափակիչ ելույթները, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
VIDEO – Դատավարության մասնակիցների դժգոհ մեկնաբանությունները – https://www.youtube.com/live/WZslere3nVA?si=mJYL9_nWMjpbadG2
